Այս օրերին մի շարք թանգարաններ կարելի է այցելել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր:
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-23-ին իրականացվում է «Գրքի բանկ» ծրագիրը: Նվիրված գրքերը փոխանցվելու են համայնքային գրադարաններին: Գրքի վերջում ամրագրվելու է այցելուի անունը: Ակցիայի մասնակիցները «Գրքի բանկ» ծրագրի կայքից կարող են տեղեկանալ, թե որ գրադարանում է իրենց նվիրած գիրքը:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանն առաջին անգամ է մասնակցում ծրագրին: Տուն-թանգարանի ֆոնդապահ Նարե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն մոտ քսան այցելու են ունեցել: «Մարդիկ գալիս են գիրք նվիրելու, նաև առիթ են ունենում թանգարանի ցուցադրությունը տեսնելու առանց մուտքի տոմսի` գրքով»,- ասաց նա, նշելով, որ լրագրողների անուն-ազգանունները փակցվում են հատուկ ձևաթղթով, հավանաբար պարզելու համար, թե ակցիային որքանով են ակտիվ մասնակցում ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Թանգարանները բաց են ժամը 11:00-16:30: Գրքով կարող եք այցելել նաև Հայաստանի ազգային պատկերասրահ, Ռուսական արվեստի թանգարան, Երվանդ Քոչարի թանգարան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան և մի շարք այլ, թվով քսան թանգարաններ:
Ծրագիրն իրականացնում է «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ն` Counterpart international հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ ՄԶԳ-ի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հավելենք, որ անցյալ տարի իրականացված «Մուտքը` գրքով» ծրագրի շրջանակում հավաքվել է 23 հազար գիրք, որոնք փոխանցվել եմ համայնքային գրադարաններին: Քանի որ մարդիկ դրանից հետո էլ գրքեր նվիրաբերելու ցանկություն են ունեցել, որոշվել է անցկացնել «Գրքի բանկ» ծրագիրը: Տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ